ՀՅԴ 131-ամեակի Խրախճանք-Տօնախմբութիւն Գլենդէյլում

ՀՅԴ 131-ամեակի Խրախճանք-Տօնախմբութիւն Գլենդէյլում

Պիտի Կերտենք Նոր Արշալոյս

Շաբաթ, Մարտի 12, 2022 թուականի երեկոյեան Գլենդէյլի Ռենեսանս դահլիճում տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արևմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի նախաձեռնութեամբ ՀՅԴ 131-ամեակի խրախճանք-տօնախմբութիւնը Գառնիկ Սարգիսեանի անզուգական ելոյթով: Կուսակցութեան 131-ամեակին նուիրիուած ձեռնարկների շարանը սկսուեց նոյն օրը յետ-կէսօրին ՀՅԴ վրիժառու բազուկ՝ Միսակ Թոռլաքեանի շիրիմին տեղի ունեցած 22 նորագիրների երդման արարողութիւնը և շարունակուելու է Ապրիլի 3-ին Գլենդէյլի Ալեքս թատրոնում տեղի ունենալիք տօնակատարութեամբ, որի գլխաւոր բանախօսն է լինելու ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ և ՀՀ Ազգային Ժողովի Փոխ Նախագահ՝ Իշխան Սաղաթելեանը:

Շաբաք, 12 Մարտի երեկոն բացառիկ էր տարբեր առումներով: Ծայրեծայր 560 ներկաներով լեցուն դահլիճում համավարակի երկարատև դադարից յետոյ ի մի էին հաւաքուել գաղափարական ընկերներն ու համակիրները, ազգային, հասարակական քաղաքական գործիչները, բարերարները և նոյն օրը ՀՅԴ շարքերին միացած նորագիրների խումբը: Ձեռնարկն ու նաև երդման արարողութիւնը ձայնագրւում և առցանց սփռւում էին համացանցով, հնարաւորութիւն ընձեռելով նաև նրանց որոնք ֆիզիքապես մասնակցելու հնարաւորութիւն չունէին մասնակից դառնալ այս տօնախմբութեանը և կատարել նաև իրենց նուիրատւութիւնները: Այս աշխատանքը իրականացնում էին Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան ընկերները:

Դահլիճում ամբողջ երեկոյի ընթացքին տիրում էր մեծ ոգևորութիւն: Բոլոր մասնակիցներին տրամադրուած էր ՀՅԴ զինանշանով զարդարուած կարմիր վզարկուները, որոնք կրում էին բոլոր ներկաները:

Ձեռնարկի բացումը կատարեց Մհեր Դաւիթեանը, ով ՀՅԴ  Արևմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի անունից բարի գալստեան խօսքով ողջունեց մասնակիցների ներկայութիւնը և անդրադարձաւ երդման արարողութեանն ու օրուայ խորհրդին:

Յեղափոխական և ազգային երգերի շարանով ելոյթ ունեցաւ Լալա Երեմեանը, որն արժանացաւ ներկաների բուռն ծափահարութիւններին ու քաջալերանքին:

Այնուհետև ելոյթ ունեցաւ ՀՅԴ  Արևմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի անդամ Յովիկ Սալիբան, ով անդրադարձաւ Հայաստանի և Արցախի ներկայ ճակատագրական վիճակին, հայ-թրքական «խաղաղութեան» բանակցութիւններին և հայ ազգի ու ՀՅԴ-ի դիմագրաւելիք ծանրագոյն մարտահրաւէրների մասին: Նա վեր հանեց այս օրերին ազգի բոլոր զաւակների անմնացորդ պատրաստակամութեան և ազգ-բանակ դառնալու անհրաժեշտութեան մասին:

Խօսք առաւ նաև բարերար Մայքլ Սարեանը, ով 300 հազար դոլլարի նուիրատւութիւն է կատարել Բրիւքսելում Հայ Դատի գրասենեակի ծրագրերի համար, կենտրոնանալով Հայ Դատի հետապնդման գործում ՀՅԴին օժանդակելու բոլորիս պարտականութեան մասին:

Այնուհետև ժամեր շարունակ, մինչև առաւօտեան ժամը 3-ը, յեղափոխական երգերի իր շարանով ներկաներին ներշնչեց, ոգևորեց և ուղղակի սրահը թնդացրեց յեղափոխական երգերի բացառիկ մեկնաբան Գառնիկ Սարգիսեանը:  Նա իր սրտի խօսքը փոխանցեց ներկաներին ասելով թէ ինքը մտադիր էր հեռանալ բեմից, երբ չարաբաստիկ պատերազմի հետևանքով իր ստեղծած երազանքի ու յաղթանակի երգերի մարմնացում ազատ Արցախը դաւաճանուեց, սակայն հաւատալով որ «Կեանքը պայքար է» որոշեց կրկին ոտքի կանգնել ու շարունակել իր գործը:

«Մայր մեր Հայաստան» երգի ու մնացեալ բոլոր երգերի ժամանակ աւելի քան հարիւր տարի առաջ ստեղծուած այս երգերի բառերը այնքան այժմէական էին, որ կարող էին գրուած լինել նաև հենց այս օրը: «Վեր ելնենք եղբայրք, ժամանակն հասել, Հրայր, Անդրանիկ մեզի կսպասեն, Տարօն, Մուշ գաւառ արիւն կը հոսեն, Մայր Հայաստանն է մեզ կը խրախուսէ…» պատգամը այժմէական է նաև այսօր և գուցէ առաւել քան երբևէ, միայն թէ Տարօն, Մուշ գաւառին այսօր միացել է նաև հպարտ Արցախը:

Նուիրատւութիւնների հոսքը ամբողջ գիշեր շարունակւում էր, որոնց մասին յայտարարութիւններ էին կատարւում բեմից: Սեղանները, Կոմիտէներն ու անհատները մրցում էին աւելիով իրենց լուման բերել գործին: Վիճակահանութեան տոմսերն համարեայ րոպէների ընթացքում սպառուեցին, ինչպես ձեռնարկի տոմսերն էին դեռ շաբաթներ առաջ սպառուել:

Նմանատիպ տօնակատարութիւններին ներկայ գտնուածները կը յիշեն թէ ինչպես ամէն անգամ ձեռնարկների վերջին ժամերին երիտասարդները հաւաքւում են բեմի առջև ու ձայնակցում երգչին, մանաւանդ եթէ նա Գառնիկ Սարգիսեանն է: Այս ձեռնարկին հենց սկզբից բոլոր ներկաները ու ոչ միայն երիտասարները սրահի բոլոր անկիւններից, յաճախ ոտքի կանգնած ձայնակցում էին իրենց սիրած երգիչին:

Մասնակիցները դեռ երկար են յիշելու այս տօնակատարութիւնը, որն աւարտուեց ներկաների յոտնկայս «Արիւնոտ Դրօշ» երգով: Աւելի քան երբևէ խորիմաստ էին հնչում երգի «Սիրենք միութիւն, չանենք վատութիւն, միշտ բարձր պահենք ՀՅԴ անուն» իմաստուն խօսքերը և ստիպում վերանորոգել մեր ուխտը՝ ծառայել բազմատանջ մեր հայրենիքին մեր  բոլոր միջոցներով:

Share