Հ.Յ.Դ. Մանիֆեստը

Read in English

Հայե՛ր,

Այսօր հայոց հարցը նոր շրջանի մէջ է մտնում: Դարերից ի վեր ստրուկ Թուրքա-Հայաստանը ազատութիւն է պահանջում:

Հայը, որ դեռ երէկ, շլինքը ծռած, Եւրոպայից օգնութիւն էր աղերսում, այսօր համոզուելով, որ օտարի վրայ դրած յոյսը ցնորք է, վճռել է իր ձեռքով պաշտպանել իր իրաւունքը, իր կայքը, պա-տիւը, ընտանիքը…

Դարերով ճնշուել է հայ ժողովուրդը թուրք բռնապետների լծի տակ: Դարերի ընթացքին ցանել է, բայց պտուղը երբեք չի վայելել. աւազակ տիրողը յափշտակել է: Դարերի ընթացքում անարգել են նրա սրբութիւնները, բայց հայը կրել է այս բոլորը, կրել է համբերութեամբ՝ շարունակելով ողողել հայրենիքի հողը իր քրտինքով… Դարերի ընթացքում հայը կարծէք թէ կամեցաւ ապացուցանել մարդկութեանը, թէ կարելի է ազատութիւն ձեռք բերել կուլտուրական ճանապարհով: Քաղաքակիրթ Եւրոպան խոստացաւ վերջ տալ թուրքերի բարբարոսութիւններին Հայաստանում: Սակայն անցան տարիները տարիների ետեւից, եւ հայերի դրութիւնը իրանց հայրենիքում ոչ թէ միայն չի լաւացաւ, այլ աւելի ծանրացաւ եւ այժմ միանգամայն անտանելի, դժոխային է դարձել: Հայի պէս համբերող ազգն անգամ անկարող է շարունակել իր գոյութիւնը այդպիսի երկրում:

Բայց համբերութիւնն էլ ունի իր սահմանը: Գագաթնակէտին հաս-ցրած հալածանքները, վերջապէս, սթափեցրին հային. այսօր նա վճռել է կա՛մ մեռնել, կա՛մ ազատուել: Եւ ահա Էրզուրումը եւ ապա Կ. Պոլիսը աներկիւղ բողոքում են անիրաւութիւնների դէմ. հայը այլեւս չի խնդրում, այլ պահանջում է եւ պահանջում է՝ զէնքը ձեռքին:

Սուլթանը սարսափահար է, թուրք կառավարութիւնը գլուխը կորցրել է:

Այսօր Եւրոպան իր առաջ տեսնում է մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ ազգ, որ սկսել է պաշտպանել իր մարդկային իրաւունքները:

Այդ ժողովուրդը հասկացել է, որ իր ոյժը իր մէջ է. երեկուայ ստրուկ, համբերող հայաստանցին այսօր յեղափոխական է դարձել:

Հայոց հարցի վճռի յետաձգելը այլեւս անկարելի է: Այսպիսի մի պատմական ճգնաժամի միջոցին, առաջին հարցը, որ պէտք է զբաղեցնի ամէն մի լուրջ հայրենասէրի,- այդ բոլոր յեղափոխական ոյժերի միութեան եւ դաշնակցութեան հարցն է:

Այդ յեղափոխական գաղափարի դրօշակիրն է «Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն»ը, որ սրանով դիմում է բոլոր հայերին եւ հրաւիրում է կանգնել մի դրօշակի տակ:

«Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն»ը, թէեւ նոր է հանդէս գալիս իբրեւ կազմակերպութիւն, բայց նա վաղուց գործող խմբերի միութիւնն է.

«Դաշնակցութիւնը» ձգտելու է միացնել բոլոր ուժերը՝ կապելով իր հետ բոլոր կենտրոնները: Նպատակ դնելով Թիւրքաց Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ազատութիւնը՝ «Դաշնակցութիւնը» մտել է այն կռուի մէջ, որ սկսել է ինքը ժողովուրդը տաճկաց կառավարութեան դէմ՝ ուխտելով մինչեւ արեան վերջին կաթիլը կռուել հայրենիքի ազատութեան համար:

Միանանք ամէնքս ժողովրդի հետ, որ բարձրացրել է ազատութեան դրօշակը, նա՛, ով այսօր երեսը կը դարձնի ժողովրդից եւ չի հետեւիլ նրան, այդ ժողովրդի հակառակորդն է, նրա թշնամին է…

Ուրեմն, եղբայրներ, միանանք յանուն սուրբ գործի ընդհանուր թշնամու դէմ:

Եւ դո՛ւք, երիտասարդներ, միշտ եւ ամէն տեղ վսեմ գաղափարների պաշտպաններ, միացէ՛ք ժողովրդի հետ:

Եւ դո՛ւք, ալեզարդ ծերունիներ, ոգեւորեցէք ձեր որդոց եւ օգնեցէք նոցա ձեր բազմամեայ փորձառութեամբ:

Եւ դո՛ւք, հարուստներ, բաց արէք ձեր քսակները, զէնք հայթայթելու ժողովուրդին, որ նա կարող լինի պաշտպանել իր կուրծքը, որ բաց է արել թշնամու դէմ:

Եւ դո՛ւ, հայ կին, ոգի ներշնչիր սուրբ գործի մէջ:

Եւ դո՛ւ, հայ հոգեւորական, օրհնիր ազատութեան զինուորներին…

Սպասելու ժամանակ չէ…

Համախմբուե՛նք, հայեր, եւ քաջութեամբ առաջ տանենք հայրենիքի ազատութեան սուրբ գործը:

Share