ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը

«Մեր սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքուրույն պաշտպանել Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը»,- այսօր, փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձ կատարելով երկրի անվտանգային խնդիրներին։

Նրա խոսքով, պատերազմից հետո գրեթե ոչինչ չի արվել բանակի մարտունակությունն ու սպառազինությունը վերականգնելու ուղղությամբ։

«Անցած տարվա նոյեմբերին Սիսիանի դեպքերը դրա վառ ապացույցն են, իսկ վերջին 400-500 դոլարանոց լրտեսների մասին հաղորդագրությունը խոսում է զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի մասին»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նկատեց, որ ԶՈւ-ին բյուջեով հատկացված միջոցները հույս չեն ներշնչում, որ այս տեմպերով կարելի ինչ-որ բան փոխել։

«Կառավարությունը խնդրին բավարար ուշադրություն չի դարձնում, տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ։ Նույնիսկ երբ դատախազների թոշակներն են ավելացնում, մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելը շատ ավելի կարևոր է Հայաստանի համար»,-ասաց նա։

Անդրադառնալով անվտանգության հաջորդ բաղադրիչին՝ ՀԱՊԿ-ին, Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ՀԱՊԿ անդամ երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեն շատ ավելի ջերմ ու ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով, ավելին, այդ երկրների ղեկավարներն անձնական շփումների մակարդակով շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ։

«Հետևաբար, մտածել, որ ՀԱՊԿ-ը որևէ կերպ կարող է արձագանքել մեր վրա հարձակմանը կլիներ միամտություն։ Ուղղակի դա բացառվում է։ Խոսքն այն մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, այն լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են։ Աշխատեց Ղազախստանի պարագայում»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, այս փաստի հետ պետք է հաշվի նստել։

«Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ։ Իհարկե, մնալ։ Առաջինը չկա այնպիսի կառույց, որ կփոխարինի ՀԱՊԿ-ին, երկրորդը՝ այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, որի շրջանակում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում, ինչ-որ չափով կարգավորվում է»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, անվտանգության երրորդ բաղադրիչը Ռուսաստանի հետ հարաբերություններն են։

«Այսօր միայն այդ գործոնն է մեր անվտանգության երաշխիքը։ Սա գործող հանգամանք է, բայց պատերազմն այստեղ վեր հանեց որոշ պրոբլեմներ՝ Ռուասաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց օժանդակության որոշ լիմիտներ։ Մինչ այդօր պատասխան չկա, թե ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր ռազմական բեռնափոխադրումների համար։ Հայաստանի իշխանությունները հաշվարկե՞լ էին դա, թե՞ իրենց համար էլ էր դա անակնկալ։ Մինչ այսօր չկա պատասխան, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդային տարածքը ևս փակ էր։ Այս գործոնը շեշտակի ազդեցություն ունեցան պատերազմի արդյունքների վրա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով, եթե Հայաստանի իշխանություններն այս ամենը չէին հաշվարկել, դա մեկ այլ մեղադրանք է, իսկ եթե հաշվարկել էին ու 2020-ի ամռանը Տավուշում գնացել էին «կոնֆլիկտ հրահրելուն», ապա դա մեկ ուրիշ մեղադրանք է կարող է առաջացնել այս իշխանությունների նկատմամբ։

«Եթե այս բաղադրիչները միասին նայենք, ապա պատկերը տխուր է։ Ես չեմ տեսնում քայլեր, որոնք կփորձեն փոխել պատկերը, նվազեցնել մարտահրավերները։ Նման քայլեր ուղղակի չկան»,-ասաց նա։

Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու սցենար է հավանական համարում։

Ըստ նրա, կամ պետք է զրոյից ստեղծել ռազմաարդյունաբերական նոր կոմպլեքս, որը կարելի է անել միայն Ռուսաստանի օգնությամբ, կամ պետք է ընդունի թուրք-ադրբեջանական սպառնալիքը որպես անհղթահարելի գործոն և ենթարկվի դրան, տեղի ունենա Հայաստանի պլանավորված աջարիզացիա։

«Գիտե՞ք, Թուրքիան դադարելու է մեզ դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն մի պարագայում, եթե ունենա տոտալ ազդցեություն մեր քաղաքական գործընթացների վրա։ Սա ենթադրում է, որ Թուրքիան գերիշխող դիրքեր պետք է ունենա մեր տնտեսության մեջ, լիարեժեք ազդեցություն ունենա մեր քաղաքական էլիտայի վրա։ Ե՞րբ է սա հնարավոր։ Երբ ռուսական ազդեցությունը դադարի, փոխարինվի թուրքական ազդեցությամբ։ Սա հնարավոր է նաև այն դեպքում, երբ Հայաստանը հրաժարվի Ղարաբաղից ընդհանրապես։ Այս քաղաքականությունն անկասկած աջակցություն է ունենալու ԱՄՆ-ի կողմից, քանի որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև առկա է հակամարտություն, իսկ դա թույլ կտա տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանի ազդեցությունը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահն ահազանգում է՝ համադրելով այսօր առկա գործընթացները, որոնք ինքը տեսնում է, Հայաստանն ընտրել է երկրորդ ճանապարհը։

«Ռուսաստանը միշտ ցանկացել է ունենալ ուժեղ գործընկեր տարածաշրջանում, ինչպիսին եղել է Հայաստանը մինչև պատերազմը։ Թուրքիային հետաքրքիր է ունենալ չափազանց թույլ Հայաստան, քանի որ միայն այդ պարագայում Հայաստանը չի կարող խոչընդոտ լինել թուրքական հեռահար ծրագրերի իրականացման համար։ Տարբերությունն այս ակլտերանտիվների մեջ սա է։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ այս ընտրությանը, բայց Վրաստանի օրինակը ցույց տվեց, թե ինչպես տարիների ընթացքքում հակառուսականություն քարոզվեց ու արմատավորվեց Վրաստանում։ Պետք է ազնիվ լինենք ու մեր ժողովրդին ասենք՝ այս ճանապարհներն են, ու պետք է սթափ հաշվարկ անենք։ Խոսքը Հայաստանի տեսլականի մասին է, ո՞ր տարբերակն է բերելու ավելի ուժեղ, կազմակերպված և տարածաշրջանում իրենից գործոն ներկայացնող Հայաստանին»,-նշեց նա։

Երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ եղել․ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ այս պահին կողմ չե՞ք Թուրքիայի հետ սահմանի բացմանը։

«Ինձ համար այն ժամանակ ավելի հեշտ էր, մենք հաղթած կողմ էինք, մեր անվտանգությունը Ղարաբաղում ապահովված էր և մենք որպես հաղթած կողմ ասում էինք՝ հենց հիմա սահմանը բացեք։ Իմ բանաձևը հետևյալն էր, որ մենք սահմանը չենք էլ փակել, սահմանը փակ է մյուս կողմից, հենց իրենք բացեն, սահմանը կսկսի աշխատել։ Բայց նաև միշտ մտածում էի, որ այդ սահմանն ինչ-որ տեղ մեր շուկան պաշտպանող գործոն էր հանդիսանում այն ժամանակ, երբ նոր-նոր մեզ մոտ ձևավորվում էր վերամշակվող արտադրությունը։Այդ ժամանակ այդ փակ սահմանն ինչ-որ տեղ մեզ օգնեց, որովհետև մեզ հնարավարություն տվեց մի շարք ոլորտներում բավականին լուրջ հաջողություններ գրանցել։ Եթե իրենք ասեին, որ այո՛, բացում ենք սահմանը, ուրեմն մենք շատ արագ կկիրառեինք բավականին լուրջ մեխանիզմներ մեր շուկան պաշտպանելու համար՝ որոշակի սհամանափակումներով և հիմա է պետք դա անել։ Ուղղակի այն ժամանակ մեր դիրքերն ուրիշ էին, մենք այն ժամանակ օրակարգ թելադրող էինք և որևէ Թուրքիայի նախագահ, կամ Ադրբեջանի նախագահ չէր կարող մեզ մի բան ասել, և մենք լռեինք մեկ պատճառով, որ պատասխանենք, վաղը մյուս օր մի քանի պոստ էլ վերցնեն, ինչ ենք անելու։ Այսօր կոպիտ ասած՝ մի տեղից բռնած են իրենք և կարող է պոկեն․ սա է վիճակը, մենք պետք է ազնիվ լինենք։

Դեմ չեմ, պետք է բացել, բայց պետք է մեր գյուղացուն պաշտպանել։ Չպաշտպանես, ուղղակի ավիրելու ես այն, ինչ այսօր կա, ջերմոցային տնտեսություններն աղետի են ենթարկվելու, մշակաբույսերը, հասկանո՞ւմ է դա մեր գյուղացին, թե՞՝ ոչ, չգիտեմ։ 97-98 թվականներին հավկիթի 98 տոկոսը Հայաստան ներմուծվում էր, այն ժամանակ մի քանի նախկին արտադրողներին հավաքել եմ մի խորհրդակցության և ասել, որ մեկ տարում մենք այս թեման պետք է փակենք, ի՞նչ պետք է անենք, իմ առջև խնդիրներ են դրվել, որոնցից մեկը սահամնափակել Թուրքիայից ներմուծումը Հայաստան։ Մեկ տարում մեր շուկայի 90 տոկոսն արտադրվում էր Հայաստանում, 2-րդ տարում մենք սկսեցինք արտահանել Վրաստան։ Հիմա այս իշխանությունն այդ համարձակությունն ո՞ւնի․ չեմ կարծում։

Այդ սահմանի բացումից իրենք շատ ավելի են շահելու, քան մենք, ես այստեղ որևէ կասկած չունեմ։ Սա նշանակում է, որ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում հանդիսանանք, մենք պետք է ասենք հետևյալը, որ սա բնական է, որ պետք է երկու երկրների սահմանը բաց լինի, անբնականն այն է, որ Թուրքիայի բայրաքթարներով մեկ տարի առաջ սպանում էին մեր զինվորներին, և ես համոզված եմ, որ այդ բայրաքթարի օպերատորը ադրբեջանցի չէր, թուրքերն էին։ Ուրմեն այստեղ մենք նաև այս գործոնը պետք է մեջտեղ բերենք»։

Ինչ վերաբերում է հարցին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է, որ մեր տարածաշրջանում միություններն առհասարակ փրկություն են և կարծում է, որ Հայաստանն էլ գնալու տեղ չունի ու միանալու է միությանը, երբ կանգնենք այդ ընտրության առջև, ո՞րը կլինի ճիշտ որոշումը՝ միանա՞լ միութենական պետությանը, թե՞ ոչ հարցին, Երկրորդ նախագահը պատասխանեց․ «Մենք պետք է հաշվարկենք, ոչ թե պետք է ասենք, որ մտնում ենք այս միության մեջ, այլ պետք հասկանանք՝ մեր մտնելն ի՞նչ է նշանակելու մեզ համար, մտնելուց հետո հինգ, ապա տասը տարվա կտրվածքով մենք ո՞ւր ենք հասնելու, ի՞նչ ենք ստանալու։ Եթե այդ հարցերի պատասխանները չլինի, ուղղակի ասենք՝ մտնում ենք, ինձ համար այսպիսի մուտքը, այդպիսի քայլը պետության կողմից կլինի անհասկանալի»։

Ռուս-ուկրաինական ռազմական բախումների ռիսկ տեսնում եմ։ Եթե երկու կողմից 100-ից 150 հազար զորք է կուտակվում, միշտ կա բախումների ռիսկ։ Միշտ կա ռիսկ, որ լոկալ ընդհարումից կարող է ավելի մեծ կոնֆլիկտ սկսել․ ասաց Ռոբերտ Քոչարյանը, անդրառնալով ռուս-ուկրաինական լարված հարաբերություններին։

«Այդ բախումներից մեզ համար որևէ լավ բան չի կարող լինել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով, ՀՀ դիվանագիտական կորպուսի կողմից անհրաժեշտ է դիվանագիտական վարպետություն։

«Այն ինչ արվում է մեր դիվանագիտական կորպուսի հետ, գրեթե բոլոր արհեստավարժ դիվանագետներին այսօր փոխարինում են մարդկանցով ովքեր պետք է դեսպանատունը սարքեն տրինաժոր, առնվազն երեք տարվա համար ինչ որ բան սովորելու համար»։

Ինչո՞ւ է ընդդիմությունը պասիվ՝ փողոցային կամ ռադիկալ պայքարի տեսանկյունից։ Լրագրողի հարցադրմանն ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․

«Ակտիվ զանգվածն ուզում է որ ինչ-որ բան փոխվի երկրում , սա ոգևորիչ է, սակայն՝ վատ է, որ սպասում են, թե դա միայն ընդդիմությունը պետք է անի՝ առանց իրենց մասնակցության և ժողովրդի ակտիվ ներգրավվածության։ Ուրախ եմ, որ միշտ նման հարց հնչեցվում է, որովհետև ստիպում է մեզ, ստիպում է ընդդիմությանը ճանապարհներ գտնել , բայց մենք պետք է նաև իրատես լինենք՝ հասկանալու համար, թե՝ ինչքանով է այդ վիճակը հասունացած, նաև տեսնում ենք , որ պրոցեսը գնում է հենց դրան։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ այս իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերամբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է և շեշտակի գերազանցում է՝ այս իշխանությանն ակտիվ աջակցող զանգվածին։ Հիմա ի՞նչ պրոցես է ընթանում Հայաստանում։

Ասում են, որ ընդդիմության վարկանիշն ընկնում է, այո՛ ընկնում է, բայց՝ մեզանից հիասթափվողը այս իշխանության ֆանատը չի դառնալու, և մեզանից հիասթափվում են նրանք, ովքեր սպասում են ավելի ռադիկալ քայլեր։ Սա նշանակում է մի բան, որ, ընդհանրապես, ընդդիմադիր զանգվածը չի նվազում, հակառակը՝ աճում է։ Իմ գնահատականով դեռ չի հասունացել այն վիճակը, որով մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել։ Իսկպապես պետք է մեծ զանգված, մենք չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին, որովհետև հետո մեզ են մեղադրելու, ասելու են՝ դուք եք առաջնորդները, ինչի՞ ճիշտ հաշվարկ չեք անում։ Միշտ հաղթանակը շատ տեր ունի , պպրտությունն անտեր է մնում։

Առանց փողոցի այս իշխանությունը չի գնա, չեմ կարծում որևէ մեկը հավատում է, թե մի օր խղճի զգացում կունենան, ներողություն կխնդրեն ժողովրդից, կասեն մենք ձախողեցինք ամեն ինչ, բայց դա չի լինի։ Ուրեմն պետք է բավարար զանգված, որը պետք է դուրս գա փողոց և այդ փողոցը չպետք է լինի իմ կամ որևէ մեկի մասին, այդ փողոցը պետք լինի իշխանությունը հեռացնելու մասին։ Սպասվելիք փողոցային պայքարը պետք է լինի այս իշխանությանը հեռացնելու մասին։ Այսօր Երևանում 42 տոկոսը ծայրահեղ դժգոհ են այս իշխանությունից, որը ռումբ է այս իշխանության համար»,-ասաց նախագահը։

Կարևոր ազդակներ՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից

1․ ՀՀ սեփական բանակն ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել երկրի սահմանները և անվտանգությունը․ չի արվել ոչինչ բանակի սպառազինությունը վերականգնելու ուղղությամբ։

2․ ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասի առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ, հետևաբար, միամտություն կլիներ մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել ՀՀ-ի վրա հարձակմանը։

3․ Մինչ օրս պատասխան չկա, թե ինչո՞ւ էր Վրաստանի և Իրանի օդային տարածքը փակ ռազմական բեռնափոխադրումների համար։

4․ Թուրքիան կդադարի Հայաստանը դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն այն պարագայում, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական և տնտեսական գործընթացների վրա։

5․ Շուշիի հռչակագիրը խոսում է այն մասին, որ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական պրոցեսներ են մեկնարկել՝ ոչ մեր օգտին։

6․ Քանի Հայաստանում այս իշխանություններն են, բանակցելու թեմա չկա․ պետք է գնան և ընդունեն, որ բանակցություններն ընթանալու են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ ներառյալ Արցախը և նրա հայկական լինելը։

7․ Ստամբուլյան փաստաթուղթը, որը ես ստորագրել եմ, մեր դիվանագիտական լուրջ հաղթանակն է եղել․ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին այնտեղ ոչինչ չկա։

8․ Ըստ էության ՀՀ-ն հիմա Թուրքիայի հետ բանակցում է Ադրբեջանի ձևավորած օրակարգով։ Սա ճիշտ ճանապարհ չէ։

9․ Սահմանը բացելուց և երկաթուղին գործարկելուց առաջ պետք է սեփական շուկան պաշտպանելու առնվազն 3-5 տարվա ծրագիր ունենալ։

10․ Ես երբեք դեմ չեմ եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, այն ժամանակ ինձ համար ավելի հեշտ էր․ մենք հաղթած կողմն էինք և օրակարգ թելադրողը։

11․ Եթե չպարտվեինք այս պատերազմում, գոնե 10 օր չնահանջեինք, պատերազմը կկանգներ, իսկապես Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը սկսելու հնարավորություն կստեղծվեր։

12․ Արցախը չպետք է ապրի օրվա հարցով, պետք է ասի, որ հեռանկար է ուզում տեսնի և պետք է համարձակ լինի Հայաստանի առջև խնդիրներ դնելու առումով։

13․ Չեմ բացառում, որ զանգվածային ակտիվ գործողությունների ժամանակ մեր խմբակցության կողմից մանդատները վայր դնելու հարց առաջանա։

14․ Իշխանությունն այնքան անլուրջ է վերաբերում սահմանադրական բարեփոխումներին, որ կարծում եմ այդ գործընթացը չի կայանա։

15․ Այս իշխանությունն ամեն օր 2,8 մլն դոլարով ավելացնում է երկրի պետական պարտքը։

16․ Ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է ասել «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ ոչ մեկ չի լինելու», որովհետև պետական մտածելակերպ ունեցողն այդպես չի ասում։

17․ Այս իշխանությունն առանց փողոցի չի գնալու, և այդ փողոցը պետք է լինի ոչ թե որևի անձի, այլ՝ իշխանությանը հեռացնելու մասին․ դեռ պետք է հասունացնել այդ պահը։

18․ Եթե մենք ուզում ենք անաչառ և ազգային շահերով առաջնորդվող նախագահ, լավագույն տարբերակն այս պահին կլիներ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ սրբազան․ կլիներ և՛ մարդ, և՛ ինստիտուտ։

19․ Մոտ օրերս օրենսդրական նախաձեռնություն կներկայացնենք, թե ինչ ձևաչափով ենք տեսնում 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովը։

20․ Ամենավատն այն է, երբ մարդիկ չեն ունենում կարմիր գծեր և իշխանության գալու համար թքած ունեն ամեն ինչի վրա։

«Հայաստան» դաշինք

Share